11 հունիսի 2024 - 10:37 AMT
Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով

Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Հայաստանը կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Վրաստանը համաժողովին կներկայանա վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։

Հունիսի 11-12-ը Բեռլինում անցկացվող միջազգային համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան:

Հունիսի 2–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը ուկրաինական Բուչա էին այցելել։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ–ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։