Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ

Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ Բաղրամյան պողոտայում տեղակայված վրանային ավանից երթով հասել են ԵՄ երևանյան գրասենյակի մոտ։

Դանիելյանը հնչեցրել է շարժման պահանջները, այդ թվում՝ Արցախում իրականացված էթնիկ զտումներին հստակ գնահատական, բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանություն, պատժամիջոցների սահմանում ցեղասպան քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է նաև, որ արցախցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալու իրենց տները։ Դանիելյանը խոսել է նաև մշակութային ցեղասպանության մասին։

Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին, որոնց այդպես էլ ԵՄ-ի կողմից համարժեք գնահատական չի տրվում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ։ Սրբազանի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---