Վարչապետ․ Կաթողիկոսի և Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա

Վարչապետ․ Կաթողիկոսի և Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով հունիսի 12–ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախմանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանների միջև, ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները փորձել են հարձակվել ոստիկանների վրա, իսկ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և պրոֆեսիոնալ:

Նա հավելել է, որ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանություն գործելու է նույն կերպ։

«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակվեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը և ՀՀ պետականությունը»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն», - ասել է վարչապետը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---