ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա

ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցեր են իրականացրել ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և ոստիկանության ծառայողներին։ Առանաձնազրույցների ընթացքում ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ ոստիկանության ծառայողները Պաշտպանին են ներկայացրել խիստ մտահոգիչ տեղեկություններ։

Պաշտպանն ընդգծել է, որ ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Պետք է հատուկ քննարկման առարկա դառնա նաև այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների և կարգի պահպանմամբ։

«Հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ ոստիկանության ծառայողերի կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Ըստ ներկայացված պնդումների՝ նշված բռնի գործողությունները կրել են շարունակական բնույթ, պայմանավորված չեն եղել անձանց բերման ենթարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղեկցվել են ոստիկանության ծառայողների կողմից անձանց հասցեին հնչեցվող վիրավորանքներով։ Պաշտպանը նշված հանգամանքը անթույլատրելի և դատապարտելի է համարում։

Դրա հետ մեկտեղ խիստ մտահոգիչ են բժշկական օգնություն ստացող ոստիկանության ծառայողների ներկայացրած տեղեկությունները՝ հավաքի մասնակիցների կողմից իրենց ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ, ինչի հետևանքով ծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ»,–ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել նաև այն փաստի կապակցությամբ, որ այս իրադարձությունների ընթացքում վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, պահանջել է նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեության անհրաժեշտ երաշխիքների ապահովում։ Առանցքային է վերը նշված գործերով պատշաճ քննության իրականացումը։

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը հորդորել է ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։

«Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---