«Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին

«Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը և պահանջում է բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին։

«Հունիսի 12-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, Բագրատ Սրբազանի առաջնորդած հերթական խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանական զորքերը, ցուցաբերելով օրենքի կոպտագույն խախտումներ, հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, այդ թվում կիրառելով հատուկ միջոցներ։

Արդյունքում, վիրավորում են ստացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շարքերում նաև կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները, պահանջում է բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին, դրանց կիրառման հրաման տվող պաշտոնյաններին։

Ակնհայտ է, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով տառապող անձինք որևէ աղերս չունեն ժողովրդավարական արժեքների հետ և բացառապես նոր իշխանության ձևավորումը կարող է ապահովել երկրի առջև ծառայած արտաքին և ներքին խնդիրների լուծումը։»,-ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---