IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը

IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը

PanARMENIAN.Net - Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI), անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին, հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովեն ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար:

Ինստիտուտը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել միջադեպերը, որոնց հետևանքով առնվազն 10 լրագրող և օպերատոր է վիրավորվել, գրում է Sputnik Արմենիան:

«Իշխանությունները պետք է անհապաղ անցկացնեն հունիսի 12-ի դեպքերի մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն։ Անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ անթույլատրելի է աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ավելորդ ուժի կամ բռնության ցանկացած կիրառում: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---