Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը

PanARMENIAN.Net - Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Փառքի ծառուղում» պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ծառուղում գտնվում է ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը, որտեղ ծածանվում էին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, իսկ պայմանական սահմանային սյուների վրա կային երկու երկրների զինանշանները։

Տեղադրված ռուսական պայմանական սահմանային սյան վրա երևում են պոկված ՌԴ զինանշանի հետքերը, իսկ ՌԴ դրոշից միայն մի փոքր կտոր է մնացել։ Տեղում են միայն ՀՀ դրոշն ու զինանշանը։

Sputnik Արմենիան փորձել է քաղաքապետարանից տեղեկություն ստանալ դեպքի առնչությամբ, ինչին ի պատասխան ասել են, որ «Հաղթանակ» զբոսայգին վարձակալ ունի, և «Փառքի ծառուղին» նույնպես վարձակալի տնօրինության տակ է։ Միևնույն ժամանակ քաղաքապետարանից ասել են, որ կփորձեն որևէ բան ճշտել տեղի ունեցածի մասով։

«Հաղթանակ» զբոսայգու տնօրենությունը, սակայն, հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում։ Ասում են` իրենցը միայն բուն մանկական այգին է, մնացածի հետ իրենք կապ չունեն։

«Մեր տարածքը վերջանում է Մայր Հայաստանի արձանի կողքի արգելափակոցի մոտ։ Եթե քաղաքապետարանն ասում է մերն է, թող դա մեզ էլ ասեն, մենք էլ իմանանք ոնց զբաղվենք այդ տարածքով, ոնց բարեկարգենք, ոնց պահպանենք։ Այդ հատվածի բարեկարգումը կատարել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանը։ Ի՞նչ եք կարծում, որ դա մերը լիներ, իրենք կանեի՞ն»,–ասել է «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Կարեն Գինոսյանը։

Ըստ նրա` «Փառքի ծառուղու» մոտ շատ տաօրինակ բաներ են կատարվում։ Այնտեղից բացի դրոշից ու զինանշանից, անհետացել են նաև փակցված ռուսերեն և հայերեն գրությունները։

Տարածքում որևէ տեսախցիկ չկա։

Photo. Sputnik
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---