ԿԳՄՍՆ-ն կոչ է արել Ադրբեջանին չխեղաթյուրել պատմական փաստերը

ԿԳՄՍՆ-ն կոչ է արել Ադրբեջանին չխեղաթյուրել պատմական փաստերը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքել է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում։ Այդ մասին ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում: Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

«Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---