Միրզոյան․ Պատրաստ ենք 1 ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի նախագիծը, Բաքուն նոր օրակարգեր է առաջ բերում

Միրզոյան․ Պատրաստ ենք 1 ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի նախագիծը, Բաքուն նոր օրակարգեր է առաջ բերում

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա ամսվա ընթացքում ավարտին հասցնել Բաքվի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագիծը։ Նա այդ մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։

Միրզոյանը նաև հայտարարել է, որ այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն առաջ է բերում նոր օրակարգեր, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ այդ երկրի անկեղծության վերաբերյալ, գրում է Արմենպրեսը։

«Ես իմ գործընկերոջը ներկայացրի այն, թե որտեղ ենք հասել մեր հարևանների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացում, ինչպես նաև ներկայացրեցի ջանքերը՝ Հարավային Կովկասում տևական կայունություն կառուցելու ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանի հետ սկսել ենք սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա»,- ասել է Միրզոյանը:

Միրզոյանը կարևոր է համարել Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։

«Շատ կարևոր է նաև ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Մենք ադրբեջանական կողմին հղել ենք շատ կառուցողական առաջարկներ, և պատրաստ ենք վերջնականացնել և եզրափակել պայմանագիրն առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես մենք արդեն առաջարկել ենք»,- ընդգծել է Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանն այս հարցի շուրջ Ադրբեջանի կողմից որևէ արձագանք չի ստացել։

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգի և տնտեսական զարգացման մասին՝ Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ լիտվացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Կասկած չկա, որ եթե այդ նախագիծն իրականություն դառնա, ապա կարող է նշանակալի օգուտներ բերել ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ դրանից դուրս»,- եզրափակեl 1 Միրզոյանը։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---