22 հունիսի 2024 - 11:38 AMT
Բելառուսը բողոքի նոտա է հանձնել ՀՀ-ին

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել հայկական կողմին։ Այն փոխանցվել է Բելառուսի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության ղեկավար Սերգեյ Մոլունովի հանդիպմանը Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ։

Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ չի նշվում, թե ինչի համար է հանձնվել նոտան։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Հանդիպմանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նաև Տիխանովսկայան՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր ծանոթանալ Միրզոյանի հետ։

Նշվում է, որ Մոլունովն ու Տիրատուրյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին համատեղ ինտեգրման կառույցներում փոխգործակցության հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, Երևանը բողոքի նոտա է հանձնել Բելառուսին։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։