Ավինյան․ Միասնական տոմսային համակարգի ներդրումը կտեղափոխվի 2025-ի հունվարի 1

Ավինյան․ Միասնական տոմսային համակարգի ներդրումը կտեղափոխվի 2025-ի հունվարի 1

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտարարել է, որ հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսն ու տրոլեյբուսն ամբողջությամբ չեն ներկրվել։

Նա նշել է, որ որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է առաջարկվել համակարգի ներդրման ժամկետը տեղափոխել մինչև հունվարի 1-ը, հայտնում է Արմենպրեսը։

Ավինյանն ասել է, որ հանրային տրանսպորտի նոր շարժակազմերը Երևանում կլինեն հոկտեմբերին:

«Շարժակազմերը նախատեսվում է ստանալ հոկտեմբերին: Ձևակերպումներ իրականացնելու, դրանք գծեր մտցնելու և որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է ընդամենը առաջարկվել ժամկետը (նկատի ունի միասնական տոմսային համակարգի ներդրման – խմբ.) տեղափոխել հունվարի 1-ին:

Վստահաբար՝ նոյեմբերի 1-ին էլ, դեկտեմբերի 1-ին էլ կհասցնեինք: Այդ 1-2 ամսում կարելի է ասել հնարավորություն է տրվում կատարելու հնարավոր բոլոր ծրագրային շտկումները, որպեսզի հունվարի 1-ից ամբողջական և անթերի ներդրվի միասնական տոմսային համակարգը»,- պարզաբանել է քաղաքապետը:

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումը նախատեսվում էր սեպտեմբերի 1-ից: Այնուհետև հայտարարվեց, որ համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով, մինչև նոյեմբեր։ Ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---