Հնդկաստանի ԱԳ նախարար. Մեզ համար ՀՀ դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է

Հնդկաստանի ԱԳ նախարար. Մեզ համար ՀՀ  դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է

PanARMENIAN.Net - Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ:

«Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ այստեղ շատ անելիքներ կան»,- ասել է Ջայշանկարը՝ խոսելով հայ-հնդկական հարաբերությունների մասին, հայտնում է Արմենպրեսը։

Հնդկաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում շատ երկրների կողմից քննարկման թեմա դարձած լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացման խնդրին:

«Վերջին տասնամյակներին տեղի են ունեցել մեծաթիվ փոփոխություններ, ինչի արդյունքում ընձեռնվել են նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ: Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարևոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում նաև միջինասիական միջանցքը: Կլինեն նաև այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետև նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են ութ-ինը տասնամյակ առաջ և դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները մաշվել են»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Վերջին շրջանում Հայաստանն ու Հնդկաստանը զարգացնում են առևտրային և արդյունաբերական հարաբերությունները, Հայաստանը նաև զենք է գնում Հնդկաստանից։ Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. գործակցության պլանը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսին հայտարարել է, որ Հայաստանը գործնական փուլում է Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---