ՄԻՊ․ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատի հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը

ՄԻՊ․ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատի հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում նշել է, որ հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը պետք է պատշաճ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից։

«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է մեր երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը:

Տարեկան ու արտահերթ զեկույցներում Պաշտպանը մշտապես է ընդգծել վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և աջակցման այլ մեխանիզմների բացակայությունը։ Սա առաջնահերթ խնդիր է, որը պետության կողմից պետք է պատշաճ հասցեավորվի։

Խիստ կարևոր է նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը։

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։

Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է։ Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Ավելին, այդ դեպքերին պետք է արձագանքել արագ ու համարժեք, հետևողական լինել արդյունավետ քննության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։ Այդ առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն շուտափույթ հաղթահարման անհրաժեշտություն։

Վստահ եմ պետք է մեկտեղենք ջանքերը մեր ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։

Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից, և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի»,–ասվում է ուղերձում։

Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---