Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ

Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ

PanARMENIAN.Net - Սահմանվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ։ Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. Ծրագրում։

Առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում, որոնք ամբողջությամբ մարում է կառավարությունը, տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։

Փոփոխություններով շահառուների շրջանակը դառնում է առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո բավականին մեծ դիմելիություն է արձանագրվել: Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է ավելի քան 1330 շահառուների հայտ, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թ.:

«Եվ սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-ասել է նախարարը:

Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:

Նաև առաջարկվել է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---