ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ

ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, ևս մեկ անգամ փաստում են, որ երկու երկրների միջև առկա է դավադրություն, որը դեռ 2023թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը», հայտնում է Արմենպրեսը։

Եվրախորհրդարանականները զարմանք են հայտնել, որ ավտորիտար և ագրեսոր երկրները, ինչպիսիք են՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, դատապարտում են ԵՄ անդամ երկիր Ֆրանսիային՝ ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք:

«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար: Մենք խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և ԱԳԵԾ-ին անհապաղ արձագանքել այս իրավիճակին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են, Սլովակիայից Միրիամ Լեքսմանը, Ֆրանսիայից Ֆրանսուա-Գզավիե Բեյլամին, Նատալի Լուազոն, Ռաֆայել Գլյուկսմանը, Մարկետա Գրեգորովան, Քրիստոֆ Գոմարը, Սելին Իմարը, Լորան Կաստիյոն, Կիպրոսից Լուկաս Ֆուրլասը եւ Կոստաս Մավրիդեսը, Նիդեռլանդներից Բերտ-Յան Ռաուսենը, Լիտվայից Անդրիուս Կուբիլիուսը, Ռասա Յուկնեվիչիենեն և Պետրաս Աստրեվիչիուսը, Շվեդիայից Չառլի Վեյմերսը։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---