Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հանրային հեռարձակողի խորհուրդը կրկին մրցույթ է հայտարարել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար։ Այդ մասին հայտնել է է Հանրային հեռարձակողի խորհուրդը։

Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։

Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է չկայացած։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, արձագանքելով մրցույթի արդյունքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կրկին մասնակցելու է նոր մրցույթին։

Նա նաև գրել է, որ Խորհուրդը պետք է հրաժարական տա, քանի որ «ստեղծված իրավիճակում, ներկայիս կազմով չի կարող ապահովել Սահմանադրությամբ երաշխավորված Հանրայինի անկախությունը»։

Հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, որին արձագանքելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն ասել էր, որ դա «լավ ժուռնալիստիկա չէր»։ Անդրադառնալով բուն հարցազրույցին՝ նա նշել էր, որ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք՝ «մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ, թուրքերը կոտորում են հայերին, այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչել է «եկեք դադարենք հայ լինելը»:Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը խախտում չհայտնաբերեց։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---