Politico. Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավ է տանում

Politico. Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավ է տանում

PanARMENIAN.Net - Politico–ն բացահայտել է, թե ինչպես է Բաքուն արտասահմանում քարոզչական արշավ իրականացնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, որն այժմ ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում։

Լրատվամիջոցը նշում է, որ զարմացել են, երբ անցած շաբաթ նամակ են ստացել PR ընկերությունից այն մասին, թե ինչպես են գնահատում ռուսական ազդեցության գործողությունները Եվրոպայում, որը, սակայն, եղել է մեկ մարդու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, գրում է Factor.am-ը։

«Unilever-ի նախկին ղեկավար Փոլ Պոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Վարդանյանի ազատ արձակման համար ակտիվ քարոզարշավ իրականացնողներից են։ Նրա գրասենյակը նաև պնդում է, որ նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե անգամ մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են:

Ադրբեջանում զայրացած են այս առաջադրման հետ կապված։ Հենց այստեղ էլ ի հայտ է եկել PR արշավը, քանի որ այն պնդում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են մի միջնորդություն, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրան որպես մրցանակի հավակնորդ»,–ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից աշխատող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոնը և Քարեն Մելքիորն աջակցել են Վարդանյանին հեղինակավոր մրցանակի «սև ցուցակում» ընդգրկելու կոչերին։ Կա միայն մեկ խնդիր. պատգամավորները Politico-ին ասել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր են հանվել կոնտեքստից՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով։

«Ես մասնակցել եմ այդ միջոցառմանն այն հիմքով, որ խոսքը ռուսական ապատեղեկատվության մասին է։ Ամոթալի է, որ այն օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ պաշտպանել որևէ համատեղ հռչակագիր և չէի մասնակցի, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,- ասել է ֆոն Կրամոնը։

Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունի նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելու հետ:

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում։ Կազմակերպությունը, կարծես, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իհոր (Իգոր) Չալենկոյի կողմից:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ադրբեջանն արդեն բախվում է քննադատության՝ հանածո վառելիքի և Արևմուտքում իր ազդեցության ցանցի հետ կապված, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումների արտաքուստ խեղաթյուրումը նշանակում է նոր ճեղքվածք Բաքվի և Եվրոպական խորհրդարանի միջև։

Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա: Ադրբեջանի ՀԿ–ների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» բնակիչները բաց նամակով դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով և «իրենց վրդովմունքը հայտնելով» Վարդանյանին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու դեմ։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---