Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է

Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շարժումը չի դադարեցվի. հիմա վերադասավորումների փուլն է։

«Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է։ Մենք այսօր պայքարում ենք չարիքի դեմ, դժբախտություն, մահ բերողի դեմ։ Մենք չենք նահանջելու, քանի որ նահանջել նշանակում է մահ մեր երկրին, մենք այլընտրանք չունենք։ Հիմա վերադասավորումների փուլում ենք, և շարժման առաջիկա գործողությունները ցույց կտան, թե ի վերջո ինչի է հանգելու շարժումը»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Սրբազանը վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և կհեռանա։ Նա նշել է, որ Ներքին հանդի բնակիչները պատիվ ունեցող մարդիկ են, ու եթե ներկա պայմաններում նրանք մնացել են գյուղում, ապա դա ուժի և արժանապատվության նշան է։

Բագրատ սրբազանը կոչ է արել նրանց անձնական դարձնել իր սկսած պայքարը ու հուսախաբություն, կասկած չունենալ հաղթանակի հարցում։

Ադրբեջանական ԶՈւ-ն Ներքին Հանդի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 20 քկմ տարածք։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---