Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին

Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցմանը, ասել է, որ այն «կմահանա», եթե թողնել բյուրոկրատական ընթացքին։

Տեղեկանալով, որ ֆինանսների նախարարության հետ աշխատանքային գործընթացները գնում են՝ քաղաքապետը հայտարարել է, որ երբ պետք լինի՝ քաղաքապետարանի պատասխանատուներն իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է միջամտել ու ծագած հարցերը լուծել, հայտնում է Panorama.am-ը։

«Սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև ինքն այ այդպես, դանդաղ իր մահով կմահանա, եթե ինքն այդ ընթացքով գնա, հետևաբար մենք պետք է պրոակտիվ լինենք»,-հայտարարել է Ավինյանը։

Նա հայտարարել է, որ քաղաքապետարանի խնդիրն է տեխնիկական բոլոր խնդիրները, ֆինանսավորման հարցերը լուծել։

«Մենք ունենք տված խոստում, մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցելու և այդ կայարանը կառուցվելու է»,-ասել է նա։

Ավինյանը բավարար չի գնահատել, որ 2025 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրով ընդամենը 6 մլրդ դրամ է հատկացվել մետրոպոլիտենի Աջափնայակի կայարանի կառուցման համար։

Ավելի վաղ Ավինյանը նշել էր, որ մետրոյի կամրջի շինարարությունը 2 տարբերակով է դիտարկվում` երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով, և մետաղական հավաքված կամրջի տարբերակով, բայց դեռևս վերջնական որոշում չկա։ Նա նշել էր նաև, որ ամեն դեպքում կամուրջը կլինի դիտարժան ու գեղեցիկ։ Ավինյանը նաև ասել էր, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս:

Մետրոյի կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---