1 հուլիսի 2024 - 16:02 AMT
Վարչապետը՝ հանրաքվեի մասին․ Չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել ՀՀ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ, անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, ասել է, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին։

Նա հավելել է, որ այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, որոնք պետք է գնահատենք, հայտնում է Panorama.am-ը։

«Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես գալով՝ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ դա հնարավոր կհամարի։ Եթե մտածեի, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի։

Եթե մենք անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ, երբ գնանք քարոզարշավ, քաղաքացիները տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ պատրա՞ստ է։

Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինելու այնքան մոտ Եվրամիությանը, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ։ Ես այդ հարցի պատասխանը կարո՞ղ եմ տալ այսօր։ Ոչ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, որոնք մենք պետք է գնահատենք»,–ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում։

ՀՀ ԱԺ–ում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են անցկացվել։ Լսումները նախաձեռնել էր արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։