Պետդավաճանության դեպք է բացահայտվել․ 43–ամյա պայմանագրային է կալանավորվել

Պետդավաճանության դեպք է բացահայտվել․ 43–ամյա պայմանագրային է կալանավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում 2024–ի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևանի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։

Մասնավորապես, պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023թ․ հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈւ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս։

«Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարի ամիսց մինչև 2024թ․ փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։ Այդ գործողություններով վնաս են պատճառվել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

ԱԱԾ և ՔԿ ծառայողների կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 43-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ԱԱԾ համապատասխան ստորաբաժանմանը։

Հուլիսի 2-ին վերջինս ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 43-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---