3 հուլիսի 2024 - 14:11 AMT
Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրություն կբացվի Գյումրիում

Հուլիսի 4-ին` ժամը 18:00-ին, Գյումրիի «Կինոտուն» թանգարանում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե ու դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» և մյուս կինոնկարները։

Շառլ Ազնավուրը նկարահանվել է մոտջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով:

Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված մի շարք կինոֆիլմերի ազդագրերի եզակի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ամբողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրությունը գործելու է մինչև հուլիսի 25-ը: