12 հուլիսի 2024 - 12:20 AMT
Ռուբինյանն ու Ղալիբաֆը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, շնորհավորել է բարեկամ Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա:

Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հուլիսի 10–ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:

Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: