12 հուլիսի 2024 - 17:22 AMT
Արշակյան. Կան հարցեր, որոնց պատասխանները հայկական կողմն ակնկալում է ՌԴ–ից

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմն ունի հարցրեր, որոնց պատասխաններն ակնկալում է Ռուսաստանից։

«Կան նաև խնդիրներ երկկողմ հարաբերությունների մեջ։ Կարծում եմ դրանք բաց հարցեր են, որոնք քննարկում ենք կապված թե ՀԱՊԿ գործունեության հետ, թե միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի հետ, թե ՀՀ անվտանգային միջավայրի, թե 2020 թ. նոյեմբերի 9–ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ»,– նշել է ԱԺ փոխնախագահը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է և ռուս գործընկերոջ հետ շփումների ֆոմատը, ճիշտ է, փոքր–ինչ փոփոխվել է, սակայն պահպանվել է։

«Երկկողմ շփումները բոլոր ուղղություններով բավականին բարձր ու թափանցիկ են։ Չեմ կարող ասել, որ կան ինչ–որ հարցեր, որոնք մամուլի ուշադրությունից դուրս են մնացել, որոնց մասին հիմա ես պետք է մեկնաբանեմ»,– նկատել է Արշակյանը։

Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը հուլիսի 4-6–ը Վոլոգդայի մարզում էր։ Այցի շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Հակոբ Արշակյանի և ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի միջև։