12 հուլիսի 2024 - 18:31 AMT
Արշակյան․ Սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով, սառեցում չկա

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով։

«Իմ տեղեկություններով՝ գործընթացի որևէ սառեցում չկա, աշխատանքն իր հունով շարունակվում է»,-նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ, եթե հարցեր կան, կարող են դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, նրանք հնարավորինս բաց կպատասխանեն։

Արշակյանը պնդել է, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել չի լինի։

Լրագրողները նրա հիշեցրել են, որ ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե չհամաձայնվեն սահմանազատման գործընթացին, ապա պատերազմ կլինի, և արդյո՞ք այդ դեպքում սպառնալիքի լեզվով չեն խոսում։

«Ես չեմ ասում, որ ուժի լեզվով որևէ մեկը որևէ մեկի հետ չի խոսում։ Ես ասում եմ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ։ Եվ, ընդհանրապես, երբ խոսվում է խաղաղության մասին, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված։ Եթե բալանսավորման խախտում եղավ, դա չի կարող երկարաժամկետ լինել»,–պատասխանել է Արշակյանը։

Հուլիսի 1–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը։ Նշվել է, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Ըստ պայմանավորվածության՝ կանոնակարգի համաձայնեցումից հետո պետք է սկսվի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։