12 հուլիսի 2024 - 18:32 AMT
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Մինչ այդ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024 թվականի համագործակցության պլանը։