Փաշինյանը խստորեն դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Փաշինյանը խստորեն դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նաև նշել է, որ բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ:

«Մենք խստորեն խստորեն դատապարտում ենք ԱՄՆ 45–րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք»,–ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Թրամփին։

ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կատարվել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքում նրա ելույթի ժամանակ։ Նա թեթև վնասվածք է ստացել ականջի շրջանում։ Համաշխարհային առաջնորդները ևս դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: Մահափորձը դատապարտել է նաև գործող նախագահ Ջո Բայդենը։ «Ամերիկայում նման բռնության, առհասարակ որևէ բռնության համար տեղ չկա: Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բռնությունները սովորական դառնան»,- ասել է Բայդենը

Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը մահացել է ուժայինների պատասխան կրակից: Հրաձգության հետևանքով զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
---