19 հուլիսի 2024 - 13:13 AMT
Վթարվել է ուսումնամարզական ինքնաթիռ․ Կա 2 զոհ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում` «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ԱՆ–2 ինքնաթիռ է վթարվել. կա 2 զոհ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այսօր ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։ Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների` վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ»,– տեղեկացրել է Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ վթարված ինքնաթիռը եղել է ուսումնամարզական։

«Հաստատում եմ. վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշել է Թորոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ որոշ տեղեկությունների` վթարված ինքնաթիռը Յակ-52 է: