22 հուլիսի 2024 - 14:28 AMT
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այցի ընթացքում նրանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Վերջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում պահվող անձանց հետ հանդիպել էին հունիսի վերջին։

Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։