29 հուլիսի 2024 - 18:16 AMT
Միրզոյանը Կիպրոսում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմանն ուղղված ջանքերը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է մասնակցությամբ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին, որին ներկա է եղել մոտ 50 դեսպան, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։

Անդրադարձ է կատարվել նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և կնքման կարևորությանը։

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ժողովրդավարական բարեփոխումները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Արարատ Միրզոյանը մատնանշել է նաև առկա մարտահրավերները, որոնք կրում են նաև տարածաշրջանային բնույթ։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին։

Միրզոյանն ընդգծել է. «Կիպրոսի հետ մենք ունենք գերազանց հարաբերություններ և կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Բացառիկ է համագործակցության դինամիկան և միմյանց դիրքորոշումների խորը ըմբռնումը։ Իմ գործընկեր նախարար Կոմբոսի հետ մենք պայմանավորվել ենք լրացուցիչ խթանել համագործակցությունը, և Հայաստանը ծրագրում է ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում։ Կարծում եմ, որ դա նոր հնարավորություններ կտա շարունակել համադրել ջանքերը և ընդլայնել համագործակցության շրջանակները»:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին, վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցության հարցերի շուրջ։

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։