30 հուլիսի 2024 - 17:58 AMT
Գալստյան․ Հնդկաստանից եկած քաղաքացիների 25 %-ն արդեն հեռացել է Հայաստանից

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում տեղեկացրել է, որ Հայաստան եկած աշխատանքային միգրանտների մի մասը ՀՀ–ից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Նրա խոսքով` դա վերաբերում է ոչ միայն բարձր, այլև ցածր որակավորում ունեցող մասնագետներին։

«Օրինակ` անցած տավա սկզբից Հնդկաստանից Հայաստան եկածների մոտ 25 տոկոսն արդեն մեր երկրում չեն։ Պիկի ժամանակ ՀՀ–ում կար 17 հազար հնդիկ, այս պահի դրությամբ նրանք 11 հազար են»,– նշել է Գալստյանը, գրում է Sputnik Արմենիան։

ԿԲ նախագահի դիտարկմամբ` նաև այս արտաքին պահանջարկի թուլացմամբ է պայմանավորված այն, որ մեր երկրում, կոշտ գներով արտահայտված, ծառայությունների գնաճն ու գնաճային սպասումները գնալով սկսում են նվազել։

Ծառայությունների գնաճի նվազումը, ըստ նրա, պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են, քան նախորդ տարվա ընթացքում. ըստ պաշտոնական թվերի` մի զբոսաշրջիկի հաշվով իրականացվող ծախսերը ևս նվազել են։

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվությանը, ապա Գալստյանի վստահեցմամբ` դրա բարձր մակարդակը ՀՀ–ում պահպանվել է 2024 թ. 1–ին կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության, առևտրի ու արդյունաբերության ճյուղերի զգալի աճով։

Անդրադառնալով աշխատաշուկային` նա տեղեկացրել է, որ այս ոլորտում կա աշխատավարձերի աճի տեմպի դանդաղում։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում, մեկնաբանելով բյուջե հարկերի 116.6 մլդ դրամ քիչ հավաքագրելու փաստը, մաև ասել է, որ, իր կարծիքով, բյուջեի թերհավաքագրումը ոչ ճիշտը պլանավորման հետևանք է։ Նա արձանագրել է, որ պետք է դիտարկել, թե արդյոք կառավարությունը ճիշտ էր պլանավորել այդ ամենը՝ հարկային հնարավոր մուտքերը և հաշվի առել ռիսկերը։ ԿԲ նախագահը կարծիք է հայտնել, որ դա պլանավորման հետ կապված խնդիրների հետևանք է, այլ ոչ թե՝ տնտեսության։