Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի բնորոշմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի հատկացման վերաբերյալ Եվրոպական միության որոշումը ԵՄ-ի՝ ռազմական առումով Երևանի կողքին կանգնած լինելու հանձնառությունն է։
Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնել՝ նկատելով, որ, այդուհանդերձ, դեռևս դժվար է դատել, թե իրականում ինչի՞ կհասցնի այդ միջոցների տրամադրումը՝ գործառնական և տեխնիկական մակարդակով։ Ըստ պատգամավորի՝ դա դեռ պետք է տեսնել հետագայում, հայտնում է Արմենպրեսը։
«Բայց մի բան հստակ է, որ այս ներդրումը հանձնառություն է․ Եվրոպական միության՝ ռազմական առումով Հայաստանի կողքին լինելու հանձնառություն։ Հուսով եմ, որ սա կարող է նաև զսպող ազդեցություն ունենալ։ Եվ նաև հուսով եմ, որ այս՝ դեռևս համեմատաբար փոքր գումարը կլրացվի հետագա միջոցներ հատկացնելու որոշումներով՝ հատկապես ճգնաժամի պարագայում», - իր խոսքում ընդգծել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը։
Խոսելով նաև Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրոպական հանձնաժողովի որոշման մասին՝ Մյուլլեր-Ալտերմատը կարծիք է հայտնել, որ ինչքան ազատ լինի մարդկանց տեղաշարժն, այնքան երկրների միջև հարաբերությունները կսերտանան, հետևաբար վիզաների ազատականացումը ևս բարձր արժեք ունի Հայաստանի Հանրապետության համար։
«Վիզայի ազատականացումը յուրօրինակ խորհրդանիշ կլինի Երևանի՝ Մոսկվայից դեպի Բրյուսել կողմնորոշման փոփոխության համար։ Եվ հակառակը, դա հաստատում է, որ Բրյուսելը հասկացել է այս վերակողմնորոշումը», - շեշտել է պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կարող է ԵՄ-ի կողմից ընդունված այս որոշումն ամրապնդել ու ավելի սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և ի՞նչ կարևորություն կարող է ունենալ այն պաշտոնական Երևանի համար։
Ըստ նրա՝ այս ամենից զատ, բնակչության համար ևս մեծ օգուտ կլինի, եթե նրանք վերջապես կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա։
«Իմ բոլոր հայ ընկերները տառապում են վիզայի պահանջների բյուրոկրատիայից», - եզրափակել է Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը։
Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։