Էլեկտրականության ընդհատումների հարցով Օպերային թատրոնը կդիմի իրավասու մարմիններին

Էլեկտրականության ընդհատումների հարցով Օպերային թատրոնը կդիմի իրավասու մարմիններին

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն էլեկտրամատակարարման պարբերաբար ընդհատումների հարցով կդիմի պատկան մարմիններին։ Այդ մասին ասվում է թատրոնի հայտարարության մեջ։

«Օգոստոսի 7–ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ ևս դադարեցվել է հերթական ներկայացումը։

Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն և բարոյական վնաս, այլև նյութական և ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից։

Թատրոնի ղեկավար անձնակազմը հայցում է հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաև հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա:

Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին»,–ասվում է գրառման մեջ։

Վերջին շրջանում Երևանի տարբեր թաղամասերում հաճախակի են դարձել էլեկտրամատակարաման ընդհատումները, որոնք հաճախ արվում են առանց ծանուցման և կարող են տևել ժամեր։ Որպես պատճառ նշվում են վթարները, որոնց հաճախակիությունը հարցեր է առաջացնում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---