12 օգոստոսի 2024 - 17:17 AMT
Գիլոյանը՝ Ալեքսանյանի գոտեմարտի մասին. Հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման հարցով Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, թե մրցավարները ճիշտ են դատել: Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողով:

«Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Գիլոյանը, մեջբերում է Factor TV-ն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում 5-րդն է: