Սեպտեմբերի 17-20-ը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում հայրենիքում կհամախմբվեն սփյուռքի և Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ: Քննարկումներ կլինեն ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն։ Այդ մասին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրում է Արմենպրեսը։
Նա ընդգծել է, որ Հայաստան-սփյուռք առողջ գործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է, որի շուրջ կհամախմբվեն Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները։
Այս տարի գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի մոտ 1000 ներկայացուցչի՝ 800-ը՝ սփյուռքից, 200-ը՝ Հայաստանից:
«Գագաթնաժողովի օրակարգը ձևավորելիս մենք կազմավորել էինք մի քանի խորհրդատվական խմբեր, նրանց հետ համատեղ մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում ձևավորվեց այսօրվա մեր գագաթնաժողովի ամբողջ տրամաբանությունն ու օրակարգը: Գագաթնաժողովը տևելու է 3 օր։ Առաջին օրը նվիրված է անվտանգային խնդիրներին, երկրորդ օրը՝ կայուն զարգացմանը և դրա մեջ սփյուռքի ներգրավմանը, իսկ երրորդ օրն արդեն հայրենադարձության և սփյուռքի դիմակայության շուրջ են լինելու հանդիպումները: Ունենալու ենք ավելի քան 180 բանախոս՝ 20 երկրից»,-ասել է Սինանյանը:
Հյուրերի ցանկում են Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Լեհաստանի և այլ պետությունների գործընկեր գերատեսչություններից ներկայացված պատվիրակություններ։ Բանախոսների մեջ ընդգրկված են տարբեր բնագավառներում ներգրավված մարդիկ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, նահանգային և տեղական պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ակադեմիական շրջանակներից բանախոսներ և համայնքներում ճանաչված, սիրված, հեղինակություն ունեցող մարդիկ։
Խոսելով այս տարվա գագաթնաժողովում իրականացրած փոփոխություններից, Սինանյանը նշեց, որ ամենամեծ փոփոխությունը, որ իրականացրել են, ձևաչափի փոփոխությունն է: Ըստ նրա՝ առաջին համաժողովին առավել շատ եղել են պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ոչ բոլոր մասնակիցներն են հնարավորություն ունեցել ներգրավվելու և խոսելու իրենց հուզող հարցերի շուրջ։ Այդ պատճառով այս տարի սահմանափակել են պանելային քննարկումների թիվը և ամբողջ գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունենալու ավելի փոքր աշխատանքային խմբերի հանդիպումներ, որոնց ընթացքում գրեթե բոլորին հնարավորություն կտրվի խոսել և արտահայտվել այն թեմաներով, որն իրենց հետաքրքրում է:
Անդրադառնալով վերջին շրջանում աշխարհում տիրող իրավիճակից տուժած սփյուռքի համայնքներին աջակցելու ճանապարհներ գտնելու հարցին, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց՝ գագաթնաժողովի ընթացքում խոսելու են Ուկրաինայի, Սիրիայի, Լիբանանի և ընդհանրապես բոլոր համայնքներում տիրող իրավիճակից և առկա խնդիրներից։