Փաշինյան․ Բաքվին առաջարկել ենք ստորագրել պայմանագրի համաձայնեցված հոդվածները

Փաշինյան․ Բաքվին առաջարկել ենք ստորագրել պայմանագրի համաձայնեցված հոդվածները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։

Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։

«Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես Խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց Խաղաղության պայմանագիրն է»,–ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ հայկական կողմը դա հնարավոր է համարում, քանի որ այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։

 Ուշագրավ
---