4 սեպտեմբերի 2024 - 13:21 AMT
Դարբինյան․ Կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատումը ՀԷՑ-ի պատասխանատվությունից դուրս էր

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումներին, ասել է, որ դրանք հաճախ ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս են։

Նա նշել է, որ կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր, գրում է Aysor.am-ը։

«Երևանի կեսն անջատվում է, Արմավիրի մարզի կեսն անջատվում է, դրա համար մեծ արձագանք է ստանում»,- ասել է նա։

Պաշտոնյանի խոսքով՝ օգոստոսի 7-ին Օպերայում ներկայացման ժամանակ հոսանքի անջատումը թատրոնի բալանսում գտնվող տրանֆորմատորի թերության հետ է կապված եղել։

«Այդ ամենը մանրակրկիտ բացատրվել էր թատորնի համապատասխան աշխատակիցներին, ասվել էր, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման, բայց անտեսել էին մեր կարծիքը, որից հետո տեղի է ունեցել բոլորին հայտնի վթարը։ Մեր մասնագետները վթարից հետո ևս մեկ անգամ ուսումնասիրել էին պատճառն ու նշել՝ խնդիրը տրանֆորմատորից է, արդյունքում՝ Օպերայի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին ու խնդրել, որ բարեգործական ծրագրի շրջանակում թատորնի տրանսֆորմատորը փոխարինվի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն ու իրենց միջոցներով չեն կարող դա անել»,- մանրամասնել է Դարբինյանը։

Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ, մինչև հոսանքի անջատումը, ՀԷՑ-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից գրություն է ստացել երկու տրանսֆորմատորների մեկն անջատելու վերաբերյալ, տրանսֆորմատորներից մեկն անջատվել է։

«Արդյունքում խաղի օրն ամբողջ բեռն ընկել է մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանն, անջատվել էր։ ՀԷՑ-ի աշխատակազմն օպերատիվ արձագանքել է վթարի վերացմանը, որի շնորհիվ էլեկտրամատակարարումն արագ վերականգնվեց»,- ասել է Դարբինյանը։

Նա նշել է, որ հնարավորինս աջակցել են թե Օպերային, թե մարզադաշտին, չնայած, Դարբինյանի խոսքով, դա իրենց պարտականությունների մեջ չէր մտնում։