4 սեպտեմբերի 2024 - 15:34 AMT
Երևանը չի բացառում Բաքվի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավորին պատվիրակելը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը չի բացառել, որ ՀՀ ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը։

Սաֆարյանն ընդգծել է, որ Փաշինյանն ասել է, որ հաղորդակցությունների անվտանգության ապահովումը անվտանգության մասնավոր գործակալություններին պատվիրակելը հնարավոր է, հայտնում է Արմենպրեսը։

«Այո, ասել է, որ հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք։ Խոսվել է միայն դրա հնարավորության մասին», - նշել է ԱԳ փոխնախարարը։

Նա հավելել է, որ նման դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։

Անդրադառնալով հարցին, թե հաղորդակցությունների պաշտպանության իրավունքը մասնավոր պահնորդական ընկերությանը տալը չի՞ խախտում արդյոք երկրի ինքնիշխանության սկզբունքը՝ փոխնախարարը պատասխանել է, որ չի խախտում։

«Ոչ, իհարկե չի խախտում»,–ասել է նա։

Մնացական Սաֆարյանը նաև հավելել է, որ սահմանին ներկա կլինեն հայ սահմանապահներն ու մաքսավորները։Փոխնախարարի խոսքով՝ սա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ է, իսկ նախագծի տրամաբանությունը հայտնի է բոլորին։

Փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ մինչև այժմ խոսվել է ընդամենը դրա հնարավորության մասին, և այդ առումով դեռևս որևէ հստակություն չկա։

Փաշինյանն օգոստոսի 31–ի ասուլիսում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու համար։ Փաշինյանը նաևասել էր, որ ճանապարհը կարող են վերահսկել լիցենզավորված միջազգային պահնորդական կազմակերպությունները։