ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Բաքվի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը հիմք է ԵՄ դիտորդներին Հայաստանից հեռացնելու համար, ասել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հարցը ՀՀ և ԵՄ միջև քննարկվելիք հարց է, հայտնում է «Փաստինֆոն»։
«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի Հայաստանն ու Եվրամիությունը պետք է որոշեն՝ երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն։
Երբ որ կնքվի Խաղաղության պայմանագիրը, ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն՝ գուցե տրամաբանական լինի, որ մոնիտորինգի անհրաժեշտություն չկա, բայց այս պահին նման հարց բնականաբար չի քննարկվում»,-ասել է նա։
Հարցին, թե Խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում կամ ո՞ւմ հովանու ներքո կարող է ստորագրվել, Խանդարյանը պատասխանել է, որ հարցը բաց է։
«Հնարավոր է և երկկողմ ինչ-որ ֆորմատով ստորագրվի, հնարավոր է որևէ երրորդ գործընկերոջ երկրում ստորագվի, որևէ տարբերակ բացառված չէ։ Մեզ համար առաջնահերթ է, որպեսզի ստորագրվի այն սկզբունքներով, որ մենք կարևորում ենք»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն այլևս ԵՄ առաքելության գործունեության անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
«Հաշվի առնելով, որ երկու երկրի միջև սահմանազատման գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ ԵՄ սահմանային առաքելությունը գործի Ադրբեջանի սահմանի մոտակայքում՝ Հայաստանի կողմից։ Ժամանակն է դադարեցնել այդ առաքելության գործունեությունը»,–ասել է նա։