Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
Նշվում է, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։
«Հետքը» գրել էր, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
Oգոստոսի 30-ի դրությամբ՝ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 92 է, 1 մարդ է մահացել
Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում: