6 սեպտեմբերի 2024 - 16:12 AMT
ՀՀ-ն կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին Փաշինյանի մակարդակով

Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Այդ մասին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։

Նա նշել է, որ Հայաստանը միջազգային տարբեր ֆորմատներին մասնակցություն է ունենում, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում է BRICS-ի անդամ դառնալ։

«BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը BRICS-ի անդամ մի շարք երկրների հետ ունի շատ բազմաբնույթ հարաբերություններ։ Ես չգիտեմ՝ ՀՀ-ն BRICS-ի կանոնադրության համաձայն մասնակցում է դիտորդի՞, թե հրավիրյալի կարգավիճակով։ Այստեղ որևէ ինտրիգ չէի փորձի գտնել»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։

Նրան հարց են ուղղել, թե ինչպե՞ս է ժողովրդավարական և եվրոպական ձգտումների մասին հայտարարող Հայաստանը մասնակցում հիմնականում բռնապետական երկրներից բաղկացած միավորի գագաթնաժողովին։

«Ես հասկանում եմ այդ հարցի ենթատեքստը, որ անընդհատ․․․ տրամադրվածություն կա, որ Հայաստանը, ունենալով եվրոպական որոշակի ձգտումներ այս փուլում, ինչո՞ւ է մասնակցում։ Իսկ օրինակ՝ ինչպիսի՞ն է Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի և եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Մենք ունենք զարգացող հարաբերություն Չինաստանի հետ, հրաշալի հարաբերություն Հնդկաստանի հետ»,- նշել է նա։

Խանդանյանը նաև անդրադարձել է դիտարկմանը, որ Փաշինյանը, ըստ էության, մասնակցելու է «հակաարևմուտքի» համբավ ունեցող կառույցի գագաթնաժողովին, և չի զրկվի արդյո՞ք արևմտյան աջակցությունից։

«Դուք կարծո՞ւմ եք՝ Հնդկաստանի վարչապետը մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին, իրեն դիրքավորում է որպես հակաարևմուտքի գործիչ։ Ես կարծում եմ՝ չափազանցված եզրակացություն և գնահատական է, թե մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին, կզրկվենք արևմտյան աջակցությունից։ Հայաստանը տարբեր ֆորմատներով քննարկումների է մասնակցում։ Նաև ԱՊՀ գագաթնաժողովն է լինելու, որին ենթադրում եմ վարչապետը կմասնակցի, որովհետև ԱՊՀ անդամ երկիր ենք։ Մենք մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների։ Եկեք խոստովանենք, որ աշխարհը շատ խառն է հիմա, և սև ու սպիտակ չէ։ Պետք է փորձել բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ»,–ասել է նա։

Ավելի վաղ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասել էր, որ Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին, բայց չէր հստակեցերլ թե ինչ մակարդակով։

BRICS-ը ձևավորվել է 2006–ի հունիսին, որի կազմում էին ի սկզբանե Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ 2024–ի հունվարի 1-ից: BRICS–ին միացել է ևս 5 պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։