Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ, հայտնում է Shantnews.am-ը։
Նշվել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը սերտորեն կաշխատեն՝ ապահովելու երկխոսության սահուն և արդյունավետ ընթացքը: Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ Գործընթացը կպահանջի սերտ համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ՝ արձանագրվող առաջընթացը և զարգացումները ճշգրտորեն մշտադիտարկելու նպատակով։
Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի հաջող իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են բազմաթիվ հայ քաղաքացիների համար։ Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: