Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը և Մհեր Գրիգորյանը, ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, հանդես են եկել հայտարարություններով։
Սխինասն իր խոսքում ասել է, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը հայ ժողովրդին կօգնեն տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել:
Նա նաև շեշտել է նաև, որ այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու՝ պահանջելու է զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի կառավարությունից՝ ԵՄ աջակցությամբ հանդերձ:
«Շատ կարևոր, պատմական օր է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, տարբեր նախարարությունների փոխնախարարներ մեզ ուղեկցում են այս կարևոր օրվա ընթացքում: Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու այսօրվա քայլը պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն. սա պետք է դիտարկել Եվրոպական միության Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորումը:
Բայց այսօրվա մեջ գործողությունը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պրակտիկայում կնշանակի, որ երբ իրագործման այս փուլն ավարտվի, Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել Եվրոպական միություն կարճատև այցերի համար, ինչը բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության համար, ուսուցումների, վերապատրաստումների, ընկերներին և բարեկամներին հանդիպելու, ինչպես նաև սիրո համար:
Նպատակն է հնարավորինս շուտ հասնել վերջնակետին, բայց այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու: Այս գործընթացը պահանջելու զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի կառավարությունից՝ մեր աջակցությամբ հանդերձ:
Վստահ եմ, սակայն, որ, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տպավորիչ ձեռքբերումները և սրան հասնելու վճռականությունը, մենք արագ ենք առաջ շարժվելու:
Այսօր մեկնարկեցինք այս գործընթացը քաղաքական մակարդակում, տեխնիկական մակարդակում հիմա մեր թիմերն աշխատում են իրար հետ շատ կոնկրետ, որոշակի հարցերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է լուծել, մասնավորապես՝ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ պայքարն ընդդեմ կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի և իհարկե հիմնարար իրավունքների խնդիրները՝ կապված տեղաշարժի ազատության հետ:
Սա պահանջկոտ գործ է, պահանջկոտ խնդիր է, բայց իրագործելի, լուծելի է, ամբողջովին լուծելի խնդիր է: Եվ ես համոզված եմ, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը մենք հայ ժողովրդին կօգնենք տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել»,–ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ
Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։