13 սեպտեմբերի 2024 - 12:40 AMT
Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկել են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկել են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։

Մեկնարկի միջոցառումը միավորել է ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորութուն և շրջայց՝ Իմփաքթ Հաբի քովորքինգ գրասենյակով: Նախագծի մեկնարկը տրվել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրել է Իմփաքթ Հաբի ընդհանուր առաքելությունն ու դերը ձեռներեցներին աջակցելու գործում և պատմել նախորդ հաջողված նախագծերի մասին, որոնք ստեղծվել են այս աջակցող էկոհամակարգում։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ողջույնի խոսքում ներկայացրել է Ucom-ի մասնակցությունը ծրագրում և վերահաստատեԼ շարունակական աջակցությունը Հայաստանում կանաչ նախագծերին:

«Ucom Ֆելլոուշիփը» մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ այն ոչ միայն լրացնում է տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության սկզբունքների միջև առկա բացը, այլև ծառայում է որպես կորպորացիաների և ՀԿ-ների միջև համագործակցության փայլուն օրինակ», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

«Անչափ ուրախ ենք տեսնել այսպիսի հիանալի և ոգեշնչող գաղափարներ, որոնք կարող են ծառայել մեր համայնքներին և օգնել շրջակա միջավայրին կանաչ լուծումներով: Մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրին և հետևել մեր մասնակիցների հաջողություններին, որոնք նաև դրական ազդեցություն են թողնելու սեփական համայնքներում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom Ֆելլոուշիփ» ծրագրում ներառված են մի քանի հեռանկարային նախագծեր, որոնք լուծումներ են առաջարկում շատ լուրջ մարտահրավերների համար՝ վերականգնողական էներգիայի, բնապահպանական կայունության և կայուն արտադրանքի ոլորտներում:

Ծրագրին մասնակցելու համար ընտրված նախագծերը հետևյալն են․

Flowtric. Նախագիծ, որը մշակում է փոքրիկ տուրբինային գեներատորներ՝ խողովակների մեջ հոսող ջրից վերականգնվող էլեկտրաէներգիա գեներացնելու համար: Այն առաջարկում է նորարարական լուծում շարունակական մաքուր էներգիայի աղբյուրից օգտվելու համար:

Edible Dishware: Այս գաղափարը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը փոխարինել մրգերից և հացահատիկից պատրաստված ուտելի սպասքով: Իրենց առաջարկը ներառում է վաֆլիից բաժակներ, բրնձից և պանրից պատրաստված ափսեներ և այլն, որոնք ապահովում են մեկանգամյա պլաստիկի փոխարեն կայուն այլընտրանքների կիրառումը:

Solatube Armenia: Նախագիծն առաջարկում է ցերեկային լուսավորության նորարարական համակարգերի ներդրում հայկական շուկայում՝ տեղական արտադրություն հիմնելու նպատակով: Նախագիծը կառաջարկի կայուն ցերեկային լուսավորության և օդափոխության լուծումներ, որը կաջակցի Հայաստանի տնտեսական աճին՝ աշխատատեղերի ստեղծման միջոցով, միաժամանակ այն կնպաստի շրջակա միջավայրի կայունությանը՝ նվազեցնելով արհեստական լուսավորության պահանջարկը:

NAN: Նախագիծը ներկայացնում է խելացի սարք, որը կնվազեցնի գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում ջրի կորուստները: Օպտիմալացնելով ջրի սպառումը՝ այս գաղափարը խթանում է արդյունավետ, կայուն գյուղատնտեսական մոտեցումներ և լուծում է բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ջրի կորուստը:

Unnamed Project: Նախագիծն առաջարկում է կախասնկերի կայուն արտադրություն: Այս նախագիծն օգտագործում է ցորենի թեփի պարկեր կախասունկ աճեցնելու համար, պարկերը վերամշակվում են կենդանակեր ստանալու համար: Կենդանիներից ստացված գոմաղբն էլ օգտագործվում է դաշտերը պարարտացնելու համար: Նախագիծը նաև ինտեգրում է ստացված գոմաղբից կենսագազի արտադրությունը՝ առաջարկելով շրջակա միջավայրի կայուն լուծումների փակ շրջան:

Բացման միջոցառուման ընթացքում ելույթ են ունեցել նախորդ ծրագրերի մասնակից ստարտափները, որոնք կիսվել են իրենց հաջողության պատմություններով և անցած ճանապարհով նոր մասնակիցների հետ: Նոր ստարտափներին նաև մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի կառուցվածքն ու ժամանակացույցը՝ նախապատրաստելով նրանց գալիք հետաքրքիր ամիսներին:

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները կօգտվեն սեմինարներից, փորձագետների մենթորությունից և պրակտիկ փորձից՝ իրենց բիզնեսն ու գաղափարները զարգացնելու համար: Ինկուբացիոն ծրագիրը կունենա ավարտական միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները, իսկ լավագույն գաղափարը կստանա 500,000 դրամ ֆինանսական մրցանակ՝ նախագծի հետագա աճը խթանելու համար: