Վարչապետի հրաժարականը պահանջող «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։
Իշխանության հետ հանդիպում նախատեսված չէ, բայց, ինչպես սրբազանն ասել է, ինքն այս շենքում է և իր հասցեին լուտանքներ թափողները կարող են հիմա իրեն տեսնել, հայտնում է «Ազատությունը»։
Սրբազանը պատասխանել է այն հարցին, թե ՞նչ է քննարկել երկու նախագահների հետ և արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասել են, որ աջակցելու են իրեն։
Սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Բագրատ Գալստանյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռովերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումներից մանրամասներ չեն հաղորդվել։ Միայն նշվել է, որ դրանք սեպտեմբերի 22-ին Երևանի կայանալիք հավաքին ընդառաջ էին։
«Աջակցության և չաջակցության հարց չկա, ես ասել եմ, եթե մենակ էլ լինեմ, էս պայքարը կշարունակեք: Քանի որ համդիպումը փակ էր, ես իրավասու չեմ մանրամասներն ասել: Խնդիրն աջակցել, չաջակցելը չէ, խնդիրն՝ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում»,–ասել է նա։
Նա չի մանրամասնել, թե ինչպես են պատրաստվում շարունակել պայքարն աշնանը:
«Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացում», - միայն նշել է Գալստանյանը:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։