Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Ֆիլիպինների թիմի հետ և առավելության հասել 2․5:1․5 հաշվով, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սև ֆիգուրներով պարտություն է կրել, Շանթ Սարգսյանը (2649) և Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով հասել են հաղթանակի։ Գաբրիել Սարգսյանը (2646) վաստակել է կես միավոր։
Հայաստանի հավաքականն առաջին 5 տուրերում հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1․5:2․5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5):
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել համաշխարհային Օլիմպիադայում: Հայաստանի կանանց ընտրանին, որը մինչ այս 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել, մրցել է Հնդկաստանի հավաքականի հետ:
Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը: Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Հայաստան-Հնդկաստան`1․5:2․5:
Նախորդ 5 խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանին (2․5:1․5):
Սեպտեմբերի 17–ը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։ Մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Անգլիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ամերիկայի հավաքականի հետ: