18 սեպտեմբերի 2024 - 12:21 AMT
Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ, անդրադառնալով ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարներին , ասել է, որ եթե ՀՀ իշխանությունները տեսնեն ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չեն թողնի։

Նա նշել է, որ ԵՄ–ի հետ հարաբերությունների հարցը դարձել է քաղաքական օրակարգի մաս, բայց պետք է հասկանալ, որ դա միակողմանի և նույնիսկ երկկողմանի գործընթաց չէ։

«Պետք է խնդիրները ձևակերպենք, որ ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք ժողովրդի մոտ։ Պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել անդամակցվությունը ԵՄ–ին և այստեղ շատ կարևոր նե Վրաստան–ԵՄ հարաբերությունները, թե ինչպես դրանք կզարգանան, Թուրքիա–ԵՄ հարաբորությունները ինչպես կզարգանան։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, թե Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ինչպես կզարգանան։

Ճիշտ է՝ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ–ին, ընդհանուր սահման չունենալով, սակայն, շատ կարգավորումներ չեն գործում կամ դժվար են գործում։ Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, կառավարելի պահելով հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են ճանապարհին գոյանալ, պահը բաց չենք թողնի»,–ասել է վարչապետը։

Նա կարևորել է, որ հետագա անելիքները լինեն թափանցիկ՝ հավելելով, որ թափանցիկ պետք է լինեն նաև ԵՄ գործընկերների մտադրությունները։

Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։