ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու մասին, հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA):
Նշվում է, օրինագծի համաձայն՝ վերոնշյալ հիմնադրամը ստեղծվելու է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կորցրած եկամուտները փոխհատուցելու համար։
«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ պետք է ապահովվի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Լեռնային Ղարաբաղի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։ Նա ընդգծել է, որ իր այս օրենսդրությունը կապահովի արդարադատության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ։
Շիֆի նախաձեռնությանը միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը և այլ կոնգրեսականներ, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հետևյալ կետերով. Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել՝ պահանջելով էթնիկ զտման ենթարկված հայերին փոխհատուցում տալ, Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ կորցրած գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։
«Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ իրականացնելու համար այս վճարումները», - նշվում է Շիֆի նախաձեռնության մեջ։
Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է ԼՂ վերադարձի իրավունքը՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի ենթադրի հայկական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրումն ադրբեջանական կողմին. ԼՂ հայերը իրավունք են ունենալու պահանջել իրենց տների ու բիզնեսների նկատմամբ իրավունքները:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։