«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սեպտեմբերի 22–ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մեծ հավաքի ժամանակ հայտարարել է, որ ակտիվ պայքարի շրջանը սկսելու են հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվելով Հանրապետության հրապարակում:
Նա հայտնել է, որ սեպտեմբերի 28-29-ին Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններով պայմանավորված՝ որոշել են նոր պայքարի շրջանը սկսել հոկտեմբերից, հայտնում է «Փաստինֆոն»։
«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Պատրաստ եղեք երկրի առջև վեր առնող ցանկացած իրավիճակներին համարժեք պատասխանի»,-ասել է նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, որը հետագայում ստացավ «Սրբազան պայքար» անվանումը, ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։