25 սեպտեմբերի 2024 - 10:28 AMT
Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

Փաշինյանը Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: